Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկրի աղքատությունն օրինաչա՞փ է

Երկրի աղքատությունն օրինաչա՞փ է
07.07.2015 | 10:22

Մերօրյա Հայաստանի առօրյայի անցանկալի դրսևորումները պարզ կենցաղայինից մինչև բարդ աշխարհաքաղաքական բացատրությունների են արժանանում: Հաճախ դրանք պարզամտություն են որակվում, երբեմն խաբկանք համարվում, անգամ աճպարարություն գնահատվում: Նորօրյա այս վիճակը կատակերգությունից մինչև ողբերգություն է հայտարարվում, ուր գործող անձինք տարբեր կարգավիճակներով փոխարինում են միմյանց, նվազագույնս չփոխելով այն միջավայրն ու պայմանները, որոնցում գործել են, իսկ հանրության կարծիքով՝ խաղացել իրենց խաղն ու դերը, կուզեք՝ հաջողակ համարեք, կուզեք` զավեշտալի: Հանրության գրեթե բոլոր շերտերի համար այս վիճակը տարօրինակ է դիտարկվում, յուրաքանչյուրն է համոզված, որ այն հարիր չէ հոմոսափիենսի մեր տեսակին, ավելին, ամոթալի է, վիրավորական, խորշելի: Այնինչ մեր հայրենակիցը մայր երկրի սահմանից մետրեր անդին հարգանքի ու պատվի է արժանանում, նա օրինակելի և ուսանելի այր է համարվում քաղաքակիրթ որակվող միջավայրերում, միաժամանակ տարօրինակության զգացում առաջացնելով հայության հայաստանյան հատվածի հանդեպ: Եվ հարցը՝ ինչո՞ւ, հնչում է ինքնաբերաբար: Անվերապահորեն մեր նախնիների ժառանգորդները հանդիսանալով, նրանց լավագույն ավանդույթները կրելով, ապրելու և արարելու հիմնավոր պայմաններ ունենալով հանդերձ հայաստանաբնակներիս բացարձակ մեծամասնությանը ոչ մի կերպ չի հաջողվում երկիրն իրենը համարել, հպարտանալ Աստծուց մեզ տրված այս տարածքով, ապրել ու արարել այստեղ, այդ զգացումը ներարկել մեր ժառանգներին: Հետևանքն այն է, որ երբեմնի դրախտավայր որակված հայրենին արժանանում է «սա երկիր չէ» արտահայտության։ Զգո՞ւմ, թե՞ չզգալու ենք տալիս ողբերգության նմանվող այս վիճակը, որից անդին, նաև սթափ մտածող շատերի հաստատմամբ, գրեթե անուղղելի մի շրջան է: Թե ում է ձեռնտու պարզապես ամոթալի այս վիճակը, որից ձերբազատվելու հատուկենտ փորձերը քաղաքական իշխանության կողմից ներկայացվում են որպես պետականության կայացմանը վնասող քայլեր, չխոսելով դրանք ծնող պատճառների մասին, անհայտ է: Եվ աստիճանաբար, ժամ առ ժամ, օր առ օր հայաստանյան հանրությունն ուղղորդվում է դեպի ինքնախաբկանքի մի միջավայր, որի համար այսօր արդեն հարկադրված է ուղղակի և անուղղակի առումներով իր հնարավորություններից բարձր գին վճարել:
Հենց թեկուզ ազգային աղետ դարձող էլեկտրաէներգիայի արտադրության ու սակագնի առումով: Գրեթե երկու տասնամյակ այն պատկերն է ներկայացվում, թե էլեկտրաէներգետիկ ծավալների առումով հանրապետությունը որևէ խնդիր չունի, ոլորտն ի զորու է անգամ միլիարդավոր կՎտ.ժամերի արտահանում իրականացնելու, ինչը, իբր, հնարավոր չէ քաղաքական դրդապատճառներով: Հիմնավորումների մեջ առանձնացվում է մասնագետների կողմից նշվող մինչև 4000 ՄՎտ դրվածքային հզորությունը, որից շարքային քաղաքացին շատ բան չի էլ հասկանում: Դրա մեջ ներառվում են թե՛ ատոմակայանի 407 ՄՎտ չաշխատող բլոկը, թե գերմաշված Հրազդանի ՊՇԷԿ-ի ողջ հզորությունը, թե՛ Սևան-Հրազդանյան ամբողջ 556 ՄՎտ-ը, անգամ Վանաձորի ՋԷԿ-ի քարուքանդ 99 ՄՎտ-ը: Էլեկտրաէներգիա արտադրող իրական հզորությունները հազիվ 1800 ՄՎտ կազմող կայաններն են, որոնք ձմեռային ամիսներին երկրի էլեկտրական պահանջարկը բավարարում են Իրանից ներկրումների շնորհիվ: Ոլորտի պատասխանատուներն այս ամենը լավ գիտեն, համոզված են, որ էլեկտրածախսատար ձեռնարկությունները, ասենք, «Նաիրիտը» կամ «Քիմպրոմը», էլհոսանքով ապահովելը խնդրահարույց է, սակայն այս մասին խոսել չեն ցանկանում, այլ քողարկվում են քաղաքական դրդապատճառներով էլհոսանք արտահանելու երևութական շղարշով: Ինչո՞ւ, պարոնայք մասնագետներ, երբ աղքատ այս երկիրը ձեզ աշխատանք է տվել, հայաստանյան չափանիշներով բավարար աշխատավարձ, ասել է թե՝ խնդիրները բարձրաձայնելու, լուծելու ակնկալիք ունի, արտակարգ իրավիճակներում արտակարգ գործընթացներ է սպասում: Չէ՞ որ երկրի ջրային հնարավորությունները լիարժեք օգտագործված չեն, արևի էներգիան ներմուծման խնդիր չունի, քամին լեռնային տարածքներում անպակաս է, կան էլհոսանք ստանալու այլ միջոցներ: Այս ամենը մի կողմ թողած՝ միայն նոր ատոմակայան կառուցելն եք գերխնդիր հռչակել, որը կարող է տնտեսության զարգացման պարագայում հազիվ մի 10 տոկոսի պահանջարկ բավարարել: Այսօր արդեն մեր բնակչությունից ոչ շատ մեծ, զարգացող տնտեսություն ունեցող Բոսնիա-Հերցեգովինայի տարեկան արտադրությունը կազմում է 15 մլրդ կՎտ.ժ: Վստահ եմ՝ գիտեք, որ ՀՀ պարագայում անհնար է տարեկան 6-8 մլրդ կՎտ.ժամ էլարտադրությամբ բազմաճյուղ տնտեսություն ունենալ, զարգացում երաշխավորել: Ընդամենը վերջին տասնամյակում հարևան Իրանում տարեկան էլարտադրությունը 125 մլրդ կՎտ.ժ-ից հասավ 226 մլրդ կՎտ.ժ-ի, Թուրքիայում՝ համապատասխանաբար 117 և 228 միլիարդ կՎտ.ժամի, ՀՀ-ում՝ ինչպես կար 1990-ականներից մինչ օրս՝ 6 մլրդ կՎտ.ժ: Մեր 1 բնակչի հաշվով տարեկան 2000 կՎտ.ժ էլարտադրությունը պակաս է անգամ Վրաստանի համեմատ, որը ոչ վաղ անցյալում ՀՀ-ից էլեկտրաէներգիա էր գնում:
Ինչո՞ւ հայտնվեցինք այս վիճակում, և ո՞վ է այս ամենի պատասխանատուն: Պարզ է, որ ոլորտը համակարգող էներգետիկայի նախարարությունը, որտեղ անտեսվել է երկրի էլեկտրաէներգետիկ ռազմավարությունը, ոլորտում նոր ճյուղերի կազմավորումը, անհրաժեշտ հզորությունների ստեղծումը: Նշված ու բազում այլ հիմնախնդիրները հիմնականում փոխարինվել են արդեն նշված նոր ԱԷԿ ունենալու շուրջ ինչ-որ ցանկություններով, երբ պարզ չեն ո՛չ ֆինանսական, ո՛չ տեղի ընտրության, ո՛չ շինարարական հնարավորությունների հարցերը: Փոխարենը գնալով պարզից պարզ է դառնում երկրում էլհոսանքի սակագնի բարձրացման ժամանակացույցը՝ յուրաքանչյուր կիսամյակ ու տարի: Այս օրերի պատուհասից դեռ չազատված՝ արդեն նշվում է, որ, ասենք, Որոտանի հիդրոհամալիրի ներկայիս 7 դրամ կՎտ.ժամի դիմաց 2016-ին ունենալու ենք նոր սեփականատիրոջը խոստացված 22 դրամը, այսինքն, սպասենք նոր սակագնի: Արդյո՞ք այս վիճակը ստեղծելու համար ենք մենք հարկեր վճարում, մասնագետներ ու կառավարիչներ վարձում, նրանց արտերկրներ գործուղում, անգամ ընտանիքներին սպասարկող ավտոմեքենաներ տրամադրում: Ցավալի փաստ է, որ ՀՀ քաղաքացին այսօրինակ վիճակի շուրջ երբևէ մասնագիտական մտահոգության օրինակ չի մտաբերի, երբ հարկավոր է ահազանգ հնչեցնել, բարձրաձայնել Արաքսի ու Դեբեդի ջրային էներգիայի օգտագործումը, դրանք հարևաններին չզիջելը, ինչպես Մեղրիհէկի պարագայում, երբ այն ՀՀ-ին կհանձնվի 15 տարի շահագործելուց հետո: Տարօրինակ գործելաոճ է, եթե այլ որակում չտանք:
Համանման վիճակ է ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության հարցում: Արդեն նշեցինք անհեթեթ այն մոտեցման մասին, ըստ որի մեր գյուղատնտեսական ու քաղաքական միտքը, ինչքանով որ դրանք կան, ՀՀ-ն սակավահող է հռչակում: Ի՞նչ և ո՞ր չափագրությամբ է հաշվարկ կատարվել, երբևէ չի նշվում, հիմնավորումներ չեն հնչեցվում՝ արդյոք խոսքը միջազգայնորեն հիշատակվող 1 քառակուսի կիլոմետրի վրա բնակվողների՞ն է վերաբերում, թե՞ գյուղատնտեսական նշանակության հողերին կամ դրանց վարելահողային մասին: Տողերիս հեղինակն էլ դեմ չէ մեր տարածքի ընդլայնմանը, որն իրականություն կարող է դառնալ տնտեսապես հզոր հայկական պետության պարագայում: Երկիրը փոքր ու քարաստան հռչակելով անհնարին է այն գրավիչ դարձնել, հայկական մտքի հզոր կենտրոնի վերածել, հարևանների զգոնությունը շոշափել: Գյուղգործունեության համար առավել նպաստավոր տարածք համարվող վարելահողային կարողունակությամբ հայաստանաբնակներիցս յուրաքանչյուրին բաժին հասնող 1700 քառակուսի մետր ցուցանիշով մենք էապես նպաստավոր վիճակում ենք, ինչը հնարավոր չէ ասել այդ նույն տարածքից ստացվող գյուղարտադրանքի պարագայում: ՀՀ-ում կովերի միջին կաթնատվությունը տարեկան հազիվ 2000 լիտր է, երբ աշխարհում արդեն 10000-ն է աննպաստ ցուցանիշ համարվում: ՀՀ առևտրային ցանցում որևէ պարենամթերք չկա, սկսած սերմից ու տնկանյութից, վերջացրած հումքով ու արտադրանքով, որը հայրենական արտադրության լինի: Հացահատիկից ու մսամթերքներից սկսած մինչև մրգերն ու բանջարեղենը հիմնականում ներմուծվում են, անգամ ստեպղինն է իսրայելական: Հայաստանի գյուղատնտեսական համայնքներին նվիրված հարյուրավոր հեռուստահաղորդումները փաստում են գյուղական բնակչության ու բնակավայրերի ծայրաստիճան անմխիթար վիճակը, դաշտավարության կողքին անասնապահությամբ զբաղվելու տխուր հեռանկարը, վարկերի տակ հողագործի կքելը, մշակվող տարածքների ցածր բերքատվությունը: Եվ հանկարծ հայտարարվում է, թե այս ու այն մսատեսակներով գրեթե ինքնաբավ ենք, երբ մեր հայրենակիցները դրանց բարձր գների պատճառով ամիսներով տավարի կամ խոզի միս գնելու հնարավորություն չունեն: Մեկ բնակչի հաշվով ոչխարի մսի տարեկան 2 կգ արտադրությունն ընդհանրապես ցուցանիշ չէ, ինչի պատճառով էլ այս մսատեսակն անհասանելի է հանրության հիմնական հատվածին: Իսկ այն, որ երկրում արտադրվող ողջ երշիկեղենի հումքը արտասահմանյան է, մարդկանց վանում է այն օգտագործելուց. փառք Աստծո, մեր մանկապարտեզներում արգելվել է երեխաներին երշիկ տալ:
Այս օրերին հերթական անգամ քննարկվում է մթերվող կաթի գնի հարցը և, չգիտես ինչու, նշվում է արտադրանքի սեզոնայնության հանգամանքը: Պարոնայք, ո՞ր դարում ենք ապրում, ի՞նչ է նշանակում կաթի սեզոնայնություն, այս ի՞նչ անհեթեթ արդարացումներ եք ներկայացնում հայ գյուղացուն: Կաթի փոշու ներկրումներով ու օգտագործմամբ հիմնավորապես խոչընդոտում եք երկրում կաթի արտադրությունը, երբ առաջնահերթ խնդիր է այն առավել արդյունավետ վարելը: Աշխարհն այստեղ մեկ հիմնական միջոց է գտել՝ լիարժեք անասնակերի մշակում և օգտագործում եգիպտացորենի հատիկի տեսքով: Այն դարձել է Երկիր մոլորակի թիվ 1 մշակաբույսը: Ցորենի համաշխարհային արտադրությունը 700 մլն տոննայի սահմանում է, եգիպտացորենի հատիկինը անցել է 1 մլրդ տոննան: ՀՀ-ում մշակվող եգիպտացորենը հիմնականում մենք էլ սպառում ենք, իսկ անասնակերի նպատակով առանձնացնելու ոչինչ չկա: ՀՀ բնակչությանն առաջնահերթորեն անհրաժեշտ միս-մսամթերքը, կաթ-կաթնամթերքը, կենդանական ու բուսական յուղերը, հատիկաընդեղենները, մրգերը, սոխն ու սխտորը, անգամ ստեպղինը ներմուծվող են: Կարծես ամեն ինչ է արվում Հայաստան երկիրը այլոց բանջարաբոստանային կցորդ դարձնելու ուղղությամբ, որն այլ բան չէ, եթե ոչ բանանային որակվող պետության մի տարատեսակ: Ինչի է նման, երբ ՀՀ-ում անգամ հավի մսի պահանջվող քանակ չի արտադրվում, ինչի արդյունքում այս մսատեսակի 30-35 հազար տոննա է ներմուծվում: Կիպրոսում ու Քուվեյթում, Լիբանանում ու Իսրայելում բնակվող մեր ծանոթ-բարեկամները տարակուսում են, թե հավի միսն ի՞նչ է, որ չեք կարողանում արտադրել, երբ իրենց երկրներում ծավալները համապատասխանաբար 29, 40, 130 և 550 հազարական տոննա են: Երևանի հազիվ 3 տարածքն ունեցող Սինգապուրում հավի մսի արտադրությունը 100 հազար տոննա է, ոչ մեծ Չեխիայում՝ 200 հազար տոննա, Թուրքիայում ու Իրանում՝ մոտ 2-ական մլն տոննա: 2012 թ. աշխարհում արտադրվել է 106 մլն տոննա հավի միս, 1 բնակչի հաշվով ստացվում է 17 կգ, երբ ՀՀ-ում ցուցանիշը հազիվ 2 կգ է: Չգիտես ինչ շարժառիթով, պարենապահովության հարցում ինքնախաբկանքի միջավայր ստեղծելով այս կերպ վտանգվում է ՀՀ պարենանվտանգությունը, ինչը չնկատելը երկրի առևտրային ցանցում ցավալիորեն ոչինչ չի ավելացնում:
Լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է համապարփակ խոսել ինքնախաբկանք երևույթի շուրջ, վեր հանել դրա ողջ վտանգավորությունը: ՀՀ տնտեսության ընդամենը երկու ոլորտի, թող որ սիրողական մակարդակով արված վերլուծությունները մասամբ ներկայացնում են այն վիճակը, որում գտնվում է հայաստանյան հանրությունը՝ ծանր տնտեսական և անորոշ քաղաքական: Մեզանում արմատավորվում է այն մոտեցումը, թե երկրի աղքատությունն օրինաչափ է: Ցավալի իրողություն, որից ելք փնտրելու ցանկություն առայժմ պարզապես չի նկատվում:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ